Մարդու մեծագույն թշնամին


Անհնար է մոռանալ մահվան մասին: Չնայած մենք ձգտում ենք ինչքան հնարավոր է քիչ հիշել այն, բայց, միևնույնն է, մահվան առկայությունը փաստ է և այն գիտակցությունը, որ մենք ի վերջո մահանալու ենք թունավորում է մեր բոլոր ուրախությունները:

Ջոնաթան Գալագերը իր «Առանց վախի՞: Ինչո՞ւ չէ» գրքում գրում է. «Եթե ձեզ խնդրեին ասել այն, ինչից ամենից շատ վախենում է մարդկությունը, ապա ի՞նչը դուք կնշեիք: Անկասկած՝ մահը... Մահը ամենամեծ սարսափն է, ավելին՝ ամենամեծ վիրավորանքն է: Շատերի համար այն սարսափների սարսափն է»:


Բոլոր մարդիկ անկախ տարիքից, ցանկանում են ապրել: Մարդու ամեն մի բջիջ բողոքում է մահվան դեմ: Սակայն մահը` «Նորին Մեծության անխուսափելին», հրավերի չսպասելով, սառնասրտորեն կատարում է իր սահմռկեցուցիչ գործը: Եվ, դժբախտաբար, ոչ մեկը չի կարող հակառակվել նրան:

Խտացնելով գույները, հիշեցնենք նաև, որ մարդու կյանքը կարճատև է: Այդ մասին հիշում է Դավիթ թագավորը. «Ահա թիզի չափով կարգեցիր իմ օրերը, և իմ կյանքի ժամանակը ոչնչի պես է քո առաջին, բոլորովին ունայն է ամեն մարդ՝ որքան էլ հաստատ լինի» (Սաղմոս 39.5):

Պարսկաստանի թագավոր Քսերքսը գալիս է Հունաստանը գրավելու: Հաշվելով նրա զորքը, պարզվում է, որ նա ունի 1 մլն 700 հազար զինվոր և 500 հազարն էլ նավատորմում և թիկունքում են: Երբ նա կանգնած նայում է իր զորքի անցումը, նրա դեմքին արցունքներ են հոսում:

Կողքին կանգնած Արտաբանը, որը նրա հավատարիմ և իմաստուն խորհրդատուներից էր, կարծում է, որ թագավորը կասկածում է իր հաղթանակի մեջ և մյուսների համար անլսելի, ցածր ձայնով ասում է «Քսերքս, դու կհաղթես»:

Քսերքսը պատասխանում է. «Ես վախից չեմ լալիս, Արտաբան, այլ վշտից: Ես լալիս եմ այն փաստից, որ մարդու կյանքը շատ կարճ է: 100 տարի հետո այս զինվորներից ոչ մեկը կենդանի չի լինի: Աշխարհի ամենամեծագույն բանակը վերջում կհաղթվի մեծագույն, անհաղթ թշնամու` մահի կողմից»:

Մարդու միջին տարիքը 70 տարի է, որից 23 տարի նա քնում է, 10 տարի - անհոգ մանկություն, 10 տարի – ուսում, 23 տարի տրամադրվում է աշխատանքին, իսկ մնացած չնչին մասը (4 տարի) մարդուն անհրաժեշտ է ամուսնության, երեխաների դաստիարակության, ծերության ապահովման, ինքնաճանաչման, տիեզերքի ճանաչման, Աստծո հետ հաշտվելու, բնավորության կերտման, ճշմարտությունը գտնելու և այլնի համար:

Ցավոք, մարդիկ այդ սուղ ժամանակի մեծ մասը անիմաստ են անցկացնում: Հին հույն իմաստասեր Սենեկան այս առիթով ասել է. «Մարդիկ հաճախ բողոքում են ժամանակի պակասությունից և չգիտեն ինչպես ծախսեն իրենց ժամանակը: Կյանքն անց են կացնում պարապության, անգործության մեջ, կամ էլ անում են այն, ինչը արժեք չունի: Մենք ասում ենք, որ մեր կյանքի օրերը շատ չեն, սակայն վարվում ենք այնպես, կարծես այդ օրերին վերջ չկա...»

Ավա՛ղ, վերջը գալիս է անսպասելի ու հանկարծակի և անտարբերությամբ հիշեցնում «արեգակի տակին» կյանքի անիմաստության մասին...



Ներկայացնում է ''Ես Քրիստոնյա եմ'' ֆեյսբուքյան էջը.