Երբ ավտոբուսը կանգնեց իր երթուղու առաջին կանգառում, մի երիտասարդ բարձրացավ։ Նա ուրախ էր, որ ավտոբուսում դեռ ոչ ոք չկա և նա հնարավորություն ունի նստելու այնտեղ, որտեղ կցանկանա։ Ընտրելով մի տեղ առջևի մասում, նա հարմար տեղավորվեց։ Ավտոբուսը շարունակեց իր ընթացքը, իսկ երիտասարդը, նայելով պատուհանից, սկսեց խորհել իր կյանքի մասին։ Շուտով ավտոբուսը լցվեց մարդկանցով։ Երիտասարդը այնքան էր տարվել իր մտքերով, որ չէր էլ նկատում իրեն հառած մարդկանց հայացքները և իր հասցեին հնչող սուր և տհաճ խոսքերը։
- Ինչպիսի անհարգալից վերաբերմունք տարեց մարդկանց նկատմամբ, գոնե ամաչիր, երիտասարդ,- հնչեց ավտոբուսի մի կողմից։
- Այսօր երիտասարդները շատ անքաղաքավարի են, - իր պարտքը համարեց իր մտքերը բարձրաձայնել մեկ այլ ուղևոր։
- Նույնիսկ այսքանից հետո էլ նա շարունակում է նստած մնալ, - արտահայտվեց երրորդը։
Երիտասարդը հասկացավ, որ խոսքը իրեն է վերաբերվում, և բոլորը վրդովված են այն փաստից, որ լինելով երիտասարդ՝ նա իր տեղը չի զիջում տարեցներին։ Սակայն նա փորձեց ուշադրություն չդարձնել մարդկանց ակնարկներին և շարունակեց դուրս նայել պատուհանից։ Մարդիկ չէին պատրաստվում զիջել։ Շուտով երիտասարդը ստիպված էր արձագանքել.
- Լավ, ես տեղս կզիջեմ, բայց թող այս աթոռին նստի նա, ում խիղճը իրեն չի հանդիմանի։
Իր պայմանը ասելուց հետո երիտասարդը աթոռի տակից հանեց իր հաշմանդամի հենակները, դրանց օգնությամբ դժվարությամբ վեր կացավ և կանգնեց։ Նրա հոգին խռովվել էր տխրությունից։ Նա ամբողջ ճանապարհը կանգնած մնաց, սակայն նրա աթոռին այդպես էլ ոչ ոք չհամարձակվեց նստել։
Ռուսաստանում տեղի ունեցած այս իրական պատմությունը շատ կարևոր դաս ունի մեզ համար, սիրելի քրիստոնյա։ Մենք չպետք է դատենք մարդկանց մասին՝ ելնելով միայն նրանց արտաքինից կամ այլ արտաքին գործոններից։ Հիշեք, որ աղքատիկ վերարկույի տակ կարող է հարուստ սիրտ թաքնված լինել։
Գրում է ''Ես Քրիստոնյա եմ'' ֆեյսբուքյան էջը.

